Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

«Սա տխուր պատմություն է, որովհետև հայությունը ձուլվել է»

 «Սա տխուր պատմություն է, որովհետև հայությունը ձուլվել է»
15.11.2013 | 15:47

Այսօր մշակույթի նախարարությունում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ նվիրված Բուխարեստում կայացած «Հայ-ռումինական մշակութային ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողովին: Մշակույթի նախարարի տեղակալ ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆՆ իր խոսքում նշեց, որ այս միջացառումներին պատրաստվել են մոտ երկու տարի: «Գիտաժողովն աննախադեպ էր և մասնակիցների թվով, և գիտական զեկույցների բովանդակությամբ, և աշխարհագրության առումով: Մենք կարողացանք Եվրոպային, մասնավորապես Ռումինիային ներկայացնել ռումինահայ մշակութային ժառանգության հետքերը, պատմությունը»,-ասաց նա, նշեց, որ Ռումինիայի և գրադարաններում, և թանգարաններում իսկապես մեծ թվով հայկական մշակութային արժեքներ կան, և 2015-ին նախատեսում են ցուցահանդես` հայկական մշակութային ժառանգության հետքերը ևս մեկ անգամ տեսանելի դարձնելու և ամրագրելու համար: «Այս գիտաժողովը կարևոր փորձ էր 2015-ի նախօրյակին, մյուս տարիներին ևս փորձելու ենք մշակութային համագործակցության ծրագրերում նմանատիպ միջոցառումներ ներառել,- նշեց բանախոսը:- Այդպիսի նախնական պայմանավորվածություններ կան Հնդկաստանի, Լեհաստանի, Ռուսաստանի և այլ երկրների հետ»:

ԵՊՀ հայ արվեստի պատմության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր ԼԵՎՈՆ ՉՈՒԳԱՍԶՅԱՆԻ խոսքով` հայկական գաղթօջախների մշակույթը, պատմությունը որքան էլ ուսումնասիրված են, թանգարաններում հավաքվածը մի փոքր մասն է մեր արվեստի պատմության, մեր մշակույթի: «Հայերը ուր գնացել են, իրենց հետ տարել են իրենց ձեռագրերը, իրենց արծաթե իրերը, եկեղեցական հագուստները, աշխատել են այդ երկրներում, խաչքարեր, եկեղեցիներ են կառուցել, քաղաքներ են հիմնել, ինչպես Ռումինիայում Գեռլա քաղաքը` Արմենոպոլիսը: Ամեն տեղ գանձերի փոքր կղզիներ կան»,- ասաց Լևոն Չուգասզյանը, տեղեկացրեց, որ նախատեսվում է Բուխարեստում հայ եկեղեցուն կից հայագիտական կենտրոն ստեղծել և հայագիտական ամբիոն հաստատել Բուխարեստի համալսարանում, որտեղ արդեն սկսվել են հայերենի դասընթացները:
Գիտաժողովի մասնակիցներն այցելել են Ռումինիայի այն քաղաքները, որտեղ հայերը ներդրում են ունեցել: Լևոն Չուգասզյանը նկատեց, որ սա տխուր պատմություն է, որովհետև հայությունը ձուլվել է, և եթե այս գործընթացը ուշացնեին, տասը տարի հետո Ռումինիայում այլևս ոչ մի հայախոս մարդ չէր լինի: «Մինչդեռ մենք խոսում ենք մի գաղթօջախի մասին, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բավական մարդաշատ էր, հայախոս»,- ընգծեց բանախոսը:
Հավելենք, որ գիտաժողովին մասնակցել են ռումինահայ ժառանգության պահպանության և հանրահռչակամն գործում մեծ ավանդ ունեցող անվանի գիտնականններ և հետազոտողներ` Հայաստանից, Ռումինիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Մոլդովայից, ՈՒկրաինայից Հունգարիայից և այլ երկրներից:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1106

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ